10/01/2022 16:02
Կարմիր Շուկան շփման գծին շատ մոտ է, և հակառակորդը, ամեն վայրկյան սադրանքների դիմելով, ցուցադրում է իր «ուժը». Մետաքսե Հակոբյան
Խոսել եմ գյուղի բնակիչների հետ. միջադեպն այսօր է գրանցվել։ Ադրբեջանցիները կրակել են գյուղացիներից մեկին պատկանող մեքենային։ Կարմիր Շուկան շփման գծին շատ մոտ է, և հակառակորդը ամեն վայրկյան այսօրինակ արարքներով ցուցադրում է իր «ուժը», Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Կարմիր Շուկայի ուղղութամբ ադրբեջանական կրակոցներին, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան։
«Փառք Աստծո, մարդկային կորուստներ չունենք։ Մեքենայի տերը չգիտի՝ ինչ զինատեսակից են ադրբեջանցիները կրակել. դա ցույց կտա հետաքննությունը», - ասաց արցախցի պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ սա հակառակորդի կողմից սադրանքների առաջին դեպքը չէ, պարզապես այս անգամ մեքենա է պայթել, այդ պատճառով լուրն ավելի արագ է տարածվել։
«Հակառակորդը շատ հաճախ է կրակում Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Ադրբեջանցիներն այստեղ նաև ալան-թալանով են զբաղված, գյուղացիների ունեցվածքն են գողանում՝ կովեր, ոչխարներ։ Արդեն քանի դեպք է եղել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ գողացված անասունների ինչ-որ մասը հնարավոր է եղել վերադարձնել։ Այսպիսի գործողություններով ադրբեջանցիները վախի մթնոլորտ են առաջացնում, քոչվոր ցեղ են՝ ալան-թալան են անում.մեր համար հայրենիք, իրենց համար՝ տարածք, որտեղ կարող են թալանով զբաղվում», - ասաց Մետաքսե Հակոբյանը։