10/01/2022 21:33
Ղազախստանի տնտեսությանը 2-ից 3 միլիարդ դոլարի վնաս է պատճառվել․ Տոկաև
Զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանին պատճառված վնասը կարող է 2-ից 3 միլիարդ դոլար կազմել, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկման ժամանակ։
«Ղազախստանի նախագահը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետականության նկատմամբ ագրեսիայի և ոտնձգության աննախադեպ ակտ է որակել, հավելել է, որ ահաբեկիչների բռնությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան ինչպես իրավապահ մարմինների ծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։ Տուժել է մոտ 1 300 ձեռնարկություն, հարձակումներ են գրանցվել 100-ից ավելի առևտրային կենտրոնների, բանկերի վրա, այրվել է ոստիկանության մոտ 500 ծառայողական ավտոմեքենա։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գնահատականով՝ տնտեսությանը պատճառված վնասը կարող է 2-ից 3 միլիարդ դոլար կազմել»,- հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Տոկաևը հայտնել է նաև, որ Ղազախստանում զանգվածային անկարգություններին մասնակցել են զինյալներ օտար երկրներից, մասնավորապես՝ Աֆղանստանից, Մերձավոր Արևելքից։