10/01/2022 10:49
22 պատահար, արտակարգ 1 դեպք. Արցախում ամփոփել են տարվա առաջին տասնօրյակը
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ամփոփել է տարվա առաջին տասնօրյակը։
2022 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 24 հաղորդում, որից 7-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր: Բոլորը բացահայտվել են:
10 օրվա ընթացքում Արցախի բուժհաստատություններից շմոլ գազից թունավորման վերաբերյալ ստացվել է 5 հաղորդում, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:
Արտակարգ մեկ դեպք է տեղի ունեցել Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: Հունվարի 7-ին հայտնաբերվել է անհետ կորած համարվող 91-ամյա բնակչուհու դին: Հիշեցնենք, վերջինս տնից դուրս էր եկել հունվարի 5-ին և չէր վերադարձել:
Հանգստյան (տոնական) օրերին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 17-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: Նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է:
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 20 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 359 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Հանգստյան օրերին ՆԳ նախաարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայություններն իրականացրել են շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանրապետության տարածքում պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: