10/01/2022 20:05
Ռեստորանները մոտիվացիա չունեն՝ թեստի առկայությունը ստուգելու համար մուտքերի առջև այցելուների հերթեր գոյացնել. ԱՆ նոր որոշումը մնալու է թղթի վրա. «Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահ
Չպատվաստված կամ թեստի բացասական արդյունք չունեցող անձանց՝ հունվարի 23-ից հանրային սննդի օբյեկտներ մուտքն արգելելն անպատասխանատու որոշում է, որովհետև մենք բերել ենք այդ որոշման բոլոր հակափաստարկները, որովհետև կասկածից վեր է, որ այս որոշումը մահացու ազդեցություն է ունենալու ռեստորանային բիզնեսի վրա։ Մեծ հարց է, թե ինչպես են այսուհետ գոյատևելու ոլորտում զբաղված ավելի քան 50 հազար աշխատակիցների երեխաները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը։
«Մենք ՀՀ առողջապահության նախարարությանը նույնիսկ կոչ ենք արել զերծ մնալ կուրորեն հետևել և անշեղորեն կատարել Առողջապահոթյա համաշխարհային կազմակերպության հրահանգները։ Քանի որ ԱՆ հայտարարությունների համաձայն՝ ներկայումս հանրապետությունում հակահամաճարակայի պատկերը նորմալ է, ապա ի՞նչ կարիք կա գնալու ևս մեկ խստացման»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ որոշումն անխուսափելիորեն ռեստորանատերերի և այցելուների դժգոհության նոր ալիք է առաջ բերելու։
Աշոտ Բարսեղյանը նաև հարցադրում կատարեց՝ արդյոք պետությունը տիրապետում է անհրաժեշտ քանակի ստուգող մարմինների, որոնք կկարողանան հետևել ՊՇՌ և ռապիդ թեստերին, պատվաստումների QR կոդերին և տարատեսակ մյուս փաստաթղթերին։
«Ի՞նչ պետական ապարատ պետք է իրենք գործի դնեն, որ անտրամաբանական այս սահմանափակումները կարողանան կյանքի կոչել։ Մեր ստուգող մարմինները չունեն հնարավորություն՝ այդ աստիճանի և մասշտաբի ստուգումնր իրականացնել։ Ռեստորանները նույնպես չունեն մոտիվացիա՝ մուտքերի առջև այցելուների հերթեր գոյացնել։ Ուրեմն՝ այս օրինագիծն ունի մեկ վախճան. այն մնալու է թղթի վրա։
Ես դեռ չեմ խոսում հակածխախոտային «չեմպիոն» օրիանագծի մասին։ Որովհետև աշխարհում չկա ավելի անտրամաբանական, պոպուլիստական և անիրագործելի օրենք, քան Հայաստանում մարտ ամսից ուժի մեջ մտնող հակածխախոտային նոր օրիանգիծը»,- նշեց ՀԿ նախագահը։
Աշոտ Բարսեղյանը որոշակի խմբի քաղաքացիների՝ հանրային սննդի օբյեկտներ մուտքն արգելող որոշումն աչքկապոցի որակեց։
«Ես գիտեմ՝ հիմա հակադարձելու են, ասելու են՝ Եվրոպայում այդպես է։ Բայց եթե առանձին մի քանի երկիր որոշել է սպանել հանրային սննդի ոլորտը, ապա ինչո՞ւ նույն ճանապարհով պետք է գնա նաև Հայաստանը։ Այնպես որ, այս որոշումը մահացու ազդեցությունէ ունենալու ռեստորանային բիզնեսի վրա։ Նման որոշումներ ընդունողներն ուղղակի սպանում են ոլորտը։
Եթե վերցնենք միայն Մոսկվայի օրինակը, ապա այսօրինակ սահմանափակումները բիզնեսի 85 տոկոսը կանգնեցրեցին պարապուրդի առջև։ Հիմա հարց եմ տալիս ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. արդյոք իրենք պատրաստ են գնալ այն երկրների ճանապարհով, որոնք սահմանափակում են ռեստորանային բիզնեսի աճը։ Մենք պետք է սպանե՞նք ռեստորանային ոլորտը, թե հակառակը, օրինակ՝ զարգացնենք դեպի Հայաստան ռուսական տուրիզմը։ Ինչո՞ւ, օրիանկ, Սոչիում և Կրասնոդարի մարզում սահմանափակումների պատճառով հագստանալ չկարողացող ռուսները չպետք է գան Հայաստան»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
ՀԿ-ի նախագահը միաժամանակ վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ 2021 թվականի ընթացքում Հայաստանում ավելի քան 200 ռեստորան է փակվել։
«200 տնտեսություն չի վերապրել այս ճգնաժամը, որից միայն 30-35-ը փակվել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ մենք պատրա՞ստ ենք սոցիալական նոր պայթյունի։ Եթե Եվրոպայում ռեստորաններ են փակվում, ապա այնտեղ ռեստորանտերերին նպաստներ են բաժանում։ Հայաստանը, սահմանափակումներ մտցնելով, արդյոք գնում է նպաստներ տրամադրելու ճանապարհով։
Ռեստորանային ոլորտում մենք ունենք 50 հազար աշխատող։ Նրանց երեխաների կարիքներն ո՞վ է հոգալու։ Առողջապահության նախարարությունը Հայաստանում վերածվել է չորրորդ իշխանության. իրենք անդադար փորձում են կառավարել հասարակական կյանքը, միանձնյա որոշումներ են կայացնում, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում սոցիալական բնագավառի վրա, իսկ այդ բնագավառի պատասխանատուները ձայն չեն հանում»,- եզրափակեց Աշոտ Բարսեղյանը։