11/01/2022 10:50
Կամո Աթայան. Հայը հրաժարվում է իր վաղնջական հայրենիքից
Հայը հրաժարվում է իր վաղնջական հայրենիքից` Նախիջևանից, Բաքվից, Գանձակից, Շամքորից, Շահումյանից, Խանլարից, Դաշքեսանից, Քարավաճառից… և վերջապես «դժգույն» քաղաք Շուշիից, Հադրութից, Ավետարանոցից ու Արցախից…
Ասել եմ ու շարունակելու եմ պնդել մենք բավականին դյուրին ձևով վերջին 60-80 տարվա ընթացքում համակերպվել ու թշնամուն ենք հանձնել վաղնջական մեր հայրենիքի շատ հատվածներ` սկսած Նախիջևանից, մինջև Բաքու, Գանձակ ու Շահումյան և Քարավաճառ…
Հանձնել ենք և խաղաղության պայմաններում, և պայքարով, իսկ այդ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը միայն հաջողություններ գրանցելով իր «խաղաղ» հաղթարշավում` նաև «տեսականորեն էր ապացուցում» այդ տարածքների պատմականորեն «ադրբեջանական» լինելը։
Որպես հայ մարդ այսքանը գիտակցելով, ու տեսնելով աշխարհում ընթացող զարգացումների վեկտորի ուղղությունը, և ստեղծված ցանկացած իրավիճակում թուրքադրբեջանական «անպարտելի ախպերությունը» մտածում էի ու երբևէ նույնիսկ կասկածի տակ չէի դնում հպարտ Արցախի ընդմիշտ հայեցի պահելու կարևորությունը։
Սակայն դա մինջև 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմն էր, դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ և ազգովին կարծես հայտնվեցինք ծուռ հայելիների աշխարհում… երբ հայոց պետականության ղեկին հայտնված պատահականությունները ոչ միայն հայաշեն Շուշին էին համարում «դժգույն» քաղաք, այլև թուրքից ավելի են ջանում ապացուցելու Արցախի «թուրքական» լինելը։
Այդպիսի քիրվայության պայմաններում Ադրբեջանի բռնապետին մնում էր Երևանն էլ համարել «հին ադրբեջանական» հող ու քաղաք և պետական մակարդակով նշել «Իրեվանի ուսուցչական ճեմարանի» չեղած 140-ամյակը։