11/01/2022 15:07
Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. հայտարարություն
«Ազատ Կամք» նախաձեռնությունը շտապ հանրահավաք է հրավիրել՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:
Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ:
Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին:
Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով:
Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը», - նշված է հայտարարության մեջ։