11/01/2022 11:31
Չամուսնացած, ծնողներ ու զավակներ չունեցած զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողների մասով փոխհատուցում կստանան հարազատ քույրերն ու եղբայրները. նախագիծ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա ասաց, թե իրեն հայտնի է դարձել 16 դեպք, երբ կան զոհված կամ անհայտ ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, զավակներ չեն ունեցել, չեն ունեցել նաև ծնողներ։
«Մեր այս եղբայրների մասով որևէ մեկը փոխհատուցում չի ստացել, անհրաժեշտություն եմ տեսել, որ օրենքում կատարենք փոփոխություն, որ մեր այն քաղաքացիները, ովքեր մահացել են ու չունեն ոչ ծնողներ, ոչ կին, ոչ զավակ, նրանց մասով փոխհատուցում ստանան նրանց հարազատ եղբայրներն ու քույրերը», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե այս 16 դեպքով էլ կան և հարազատ եղբայրներ, և հարազատ քույրեր։
Պատգամավորի խոսքով՝ սա բյուջեում որևէ հավելյալ ծախս չի նախատեսում, քանի որ բոլոր փոխհատուցումները տրամադրելու է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման» հիմնադրամը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծեց՝ եթե նույնիսկ սա բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր ավելացներ, պետք է փոփոխության ենթարկվեր։
Ի դեպ, Հայկ Սարգսյանն ասաց, թե սկզբում Պաշտպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծին, հետո կառավարությունում քննարկումների ընթացքում, նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել ու նախագիծը դրական եզրակացությամբ եկել է Ազգային ժողով։
Նշենք՝ եթե զինծառայողն ունի մեկից ավելի եղբայր կամ քույր, գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլորի միջև։