11/01/2022 15:52
Մտահոգ ենք նոր որոշմամբ, որովհետև երեկվանից բազմաթիվ հաճախորդներ արդեն կասեցրել են իրենց քարտերը. Սպորտային համալիրի մենեջեր
Երեկվանից շատ մտահոգված ենք ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշմամբ, որով չպատվաստված կամ թեստի բացասական արդյունք չունեցող անձանց հունվարի 23-ից արգելվում է մուտք գործել մի շարք հանրային վայրեր, այդ թվում՝ մարզասրահներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրոսս» սպորտային համալիրի մենեջեր Կարեն Սիմոնյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը բացարձակ չի պատկերացնում, թե նոր սահմանափակումների հետևանքով ինչ ծավալի վնասներ կարող են կրել։
«Իհարկե, շատ մտահոգ ենք, որովհետև երեկվանից բազմաթիվ հաճախորդներ ենք ունեցել, որոնք արդեն հրաժարվել են մեզ մոտ այցելել և կասեցրել են իրենց քարտերը։ Մեկ օրվա համար հրաժարվողների թիվը քիչ չէ», - ասաց Կարեն Սիմոնյանը՝ թվեր, սակայն, չբարձրաձայնելով։
Նրա խոսքով՝ կարևոր է, թե պատվաստումների ինչպիսի վիճակագրություն կա, որքան մարդ է հանրապետությունում պատվաստվել կամ քանի մարդ է պատրաստվում զուտ սահմանափակումների թիրախում չհայտնվելու համար գնալ և կորոնավիրուսի դեմ պատվաստվել։
«Իրոք, ոչինչ չգիտեմ, վիճակախաղի նման մի բան է. ամսի 23-ից հետո կտեսնենք», - նշեց սպորտային համալիրի մենեջերը։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը, որի համաձայն՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։