11/01/2022 15:15
Հուլիսի 1-ից մինչև 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:
Լրամշակված տարբերակով 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթն ամբողջությամբ լրամշակվել է:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընդգծել է անկանխիկ գործառնությունների անհրաժեշտությունը: Նա առաջարկել է, որպեսզի գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից` 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը:
Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:
Քննարկման և քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: