12/01/2022 12:38
ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին օգտվել պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապից
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դեէսկալացնել իրավիճակը սահմանին և վերահաստատում է իր պատրաստակամությունը լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկրներին սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում, ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ես խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով: Կողմերի համար կարևոր է աշխատել դեէսկալացիայի վրա և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին», - գրել է Կլաարը Twitter-ում։
Նա նշել է, որ «ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի հեռացման ուղղությամբ» և հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գնահատում է՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև կապը ստեղծվել է։
«Նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում, ու դա, մի տեսակ, իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով արդյունավետ կլինի», - ասել էր վարչապետը։
Փաշինյանը նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել էր ակտիվ օգտագործել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը: