12/01/2022 15:01
Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը կսկսվի հինգշաբթի` հունվարի 13-ին։
«Հինգշաբթի կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների կազմակերպված դուրսբերման գործընթացը Ղազախստանից», - հայտարարել է Տոկաևը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - նշել էր Փաշինյանը:
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար էր նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Ղազախստանում ՀԱՊԿ-ի 2030 զինծառայող և 250 միավոր զինտեխնիկա իրականացնում են խաղաղապահ խնդիրներ: