12/01/2022 10:55
«Մեր տղաները ոնց որ պետք է հակահարված տալիս են». Ադրբեջանը դադարեցրել է կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ
Ադրբեջանը դադարեցրել է կրակոցները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։
Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը հանգիտ է եղել, այս պահին էլ որևէ կրակոց չկա։
Տեղեկությունները, թե Վերին Շորժայում բնակիչներն ապաստարաններում են բնակվում, գյուղապետը հերքեց. «Բացարձակ վախի մթնոլորտ չկա, ո՞վ է ասում, անհոգ եղեք, կրակոցները սահմանագծում են եղել, գյուղի վրա ոչ մի կրակոց չի եղել, մեր տղաներն էլ, իրենց դիրքում կանգնած, ոնց որ պետք է հակահարված տալիս են»։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը հանդարտ է եղել, այս պահի դրությամբ էլ հանգիստ է իրավիճակը։
Նա նույնպես հերքեց տեղեկությունները, թե մարդիկ ապաստարաններում են։
«Սուտ լուրեր են, մարդիկ իրենց տներում ապրում են, ուղղակի վիճակն է բոլորին անհանգստացնում, կամ այնպես չէ, որ նկուղներում ապահով է. եթե մարդիկ վտանգ զգան, կթողնեն ու դուրս կգան, ուղղակի իրավիճակն է մարդկանց հոգեբանորեն ճնշում, մարդիկ խուճապի մեջ են հայտնվում», - ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
ՊՆ-ն այսօր առավոտյան հաղորդեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: