12/01/2022 18:00
Մենք չունենք էներգետիկ ռազմավարություն, տապալել ենք մեր էներգետիկ քաղաքականությունը, հետևաբար, գազի գնի բարձրացումն անխուսափելի էր. փորձագետ
Դեռ մի քանի ամիս առաջ իմ հարցազրույցներում հայտարարում էի, որ գազի գինը թանկանալու է, որովհետև 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին գազը թանկացել էր, բայց երկրի ներսում չէր թանկացել։ Պարզ է, որ այս վիճակը երկար շարունակվել չէր կարող, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից գազի սակագնի հնարավոր բարձրացմանը:
«Այս ամբողջ ընթացքում հարցին պետք է լուծումներ տրվեին, բայց, քանի որ գործող իշխանությունը շատ վատ է պատկերացնում այս թեման և խնդիրների լուծման միջոցները, արդյունքում միայն պարտքեր կուտակվեցին և, վաղ թե ուշ, «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է դիմեր գազի սակագնի բարձրացման համար։ Այն վնասներով է աշխատում և պետք է ինչ-որ կերպ փոխհատուցի վնասները»,- ասաց փորձագետը։
Արմեն Մանվելյանն անթույլատրելի համարեց, որ Հայաստանն Էներգետիկայի նախարարություն չունի։
«Նախարարությունը ոչ վաղ անցյալում լուծարվեց, հետևաբար, մենք չունենք էներգետիկայի քաղաքականություն։ Այն մարդիկ, որոնք պատասխանատու են, թեման և խնդիրը շատ վատ են պատկերացնում։ Եվ, ընդհանրապես, այդ բնագավառի մարդկանց պատկերացումները շատ սիրողական մակարդակի են։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ մենք այսօր չգիտենք, թե վաղն ինչ է լինելու։
Մենք չունենք ռազմավարություն, մենք տապալել ենք մեր էներգետիկ քաղաքականությունն Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում, հետևաբար, գազի գնի բարձրացումը գոնե մասնագիտական շրջանակների համար սպասելի էր։ Գազի սակագնի բարձրացումն ընդամենը ժամանակի հարց էր»,- ասաց նա:
Արմեն Մանվելյանի խոսքով՝ իշխանությունները հնարավորինս ձգում էին ժամանակը, այնինչ, ժամանակ ձգելու փոխարեն պետք էր լուծումներ մտածել։
«Եթե Հայաստանը կարողանար էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերը լուծել, մենք կկարողանայինք ջերմակայաններում ավելի շատ գազ սպառել և սպառված գազի դիմաց հասնել նրան, որ «Գազպրոմ Արմենիա»-ի եկամուտներն ավելի մեծ կլինեին, քան կազմում են այժմ: Բացի այդ, ինչպես գիտենք, այդ ընկերությանն է պատկանում նաև «Հրազդան» ՋԷԿ-ի չորրորդ էներգաբլոկը, որը, սակայն, չի աշխատում։ «Գազպրոմ Արմենիա»-ն այն կանգնեցրել է, որովհետև Հայաստանն այլևս էլեկտրաէներգիա չի արտահանում։ Հետևաբար, որքան քիչ է սպառվում գազը, այնքան նրա ծախսերն ավելանում են, իսկ ինչքան շատ են ավելանում ծախսերը, այնքան գազի գինը բարձրանում է»,-ասաց էներգետիկ փորձագետը։
Հիշեցնենք՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ հնարավոր է, որ փետրվարին «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի, որի հիմնավորումների մեջ մի շարք գործոններ են ներառվելու, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չէր հերքել գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններն ու հավանականությունը, թեև նշել էր, որ այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ից դեռ հայտ չեն ստացել։