12/01/2022 12:31
2020-ին 2018-ի համեմատ համացանցով կատարված խաղադրույքներն ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ. շահումով խաղերի գովազդը կթույլատրվի հատուկ վայրերում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, որով սամանվում է, որ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:
«2020թ. համացանցով կատարված խաղադրույքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը՝ 3 անգամ», - ներկայացնելով նախագիծը՝ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Արմեն Հայրապետյանը։
Նա նշեց, թե հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտնեց, որ հեռուստատեսությունում գովազդից գոյացող բյուջեն կազմում է 30-40 տոկոս, ռադիոյում՝ 40-50 տոկոս, համացանցում և արտաքին գովազդում նույնպես՝ 40-50 տոկոս։
«Այսինքն, եթե մենք հիմա արգելում ենք գովազդը, զգալի հարված է այդ բոլոր ոլորտներին։ Որպես քաղաքացի՝ ես դեմ չեմ, որպեսզի կիրառվեն զսպող մեխանիզմներ այս խաղամոլությունը նվազեցնելու, բայց ես կողմ եմ շուկայի ավելի խորը ուսումնասիրման», - նշեց Վահե Հակոբյանը։
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, թե, գովազդի սահանափակումներ մտցնելով, խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, բայց դա այն լրացուցիչ գործոններից մեկն է, որով պետք է կանխել երևույթի հետագա ավելի արագ տարածումը։
«Ցավոք, վատ է, որ ունենք այս իրավիճակը, երբ մեդիա դաշտը նստած է բուքմեյքերական գովազդի ասեղի վրա։ Բայց ունենք այն, ինչ ունենք, բայց պետք է փորձենք լուծումը հնարավորինս անցնցում կազմակերպել, որ իրենք էլ ադապտացվելու հնարավորություն ունենան։ Մյուս կողմից էլ, եթե խաղամոլությունն ինտենսիվ կերպով աճում է, այս կարգավորումն ինչքան ուշ մտցնենք, կարող է՝ անիմաստ դառնա», - ասաց Թունյանը։