12/01/2022 17:27
Դավիթ Տոնոյան, դուք պարտավոր եք խոսել, եթե գիտեք փաստեր, որոնք կարող են մեր երկրի համար բեկումնային լինել. Նաիրա Զոհրաբյան
Գալու է ժամանակը, երբ 44-օրյա պատերազմի համար պատասխան է տալու ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Օնիկ Գասպարյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Տոնոյանը, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Դավիթ Տոնոյան, ես ձեզ հետ ընկերություն եմ արել ու շատ ցավում եմ, որ ասում եք` եթե իմ խափանման միջոցը չփոխեն, այդ ժամանակ կխոսեմ։ Այսինքն ի՞նչ, դուք գործա՞րք եք առաջարկում իշխանություններին։ Եթե տեղի է ունեցել դավաճանություն, եթե դուք գիտեք փաստեր, որոնք կարող են մեր երկրի համար բեկումնային լինել... այսինքն պատրաստ եք խոսել միայն խափանման միջոցը չփոխելու դեպքո՞ւմ»,-ասաց Զոհրաբյանը։
Նա Պաշտպանության նախկին նախարարին կոչ արեց բացել փակագծերը:
«Դուք պարտավոր եք խոսել»,-ասաց Զոհրաբյանը:
«Ջալալ Հարությունյան, որ տեղավորվել եք իշխանության գրպանում, Օնիկ Գասպարյան, դուք փախաք, փակվեցիք, դուք եք վարել պատերազմը, դուք եք տվել ռազմաճակատն այս կամ այն կերպ վարելու խնդիր և դուք Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին դեմքերի հետ միասին կանգնելու եք 44-օրյա պատերազմի նյուրեմբերգի առջև աշխարհի որ ծայրում էլ լինեք։ Գտնելու ենք, բերելու ենք բոլորիդ»,-նշեց նախկին պատգամավորը: