12/01/2022 21:51
Ապրիլի 1-ից գազի սակագնի հնարավոր թանկացումն, ընդհանուր առմամբ, սպասելի էր. Արա Մարջանյան
Ապրիլի 1-ից գազի սակագնի հնարավոր թանկացումն, ընդհանուր առմամբ, սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
«Ուղղակի այստեղ կցանկանայի մի քանի բան ասել։ Նախ, հավանաբար, կհիշեք, որ տարի-տարիուկես առաջ ամբողջ Հայաստանը քննարկում էր, թե ինչպես պետք է վաճառել գազը՝ խորանարդ մետրով, կիլոգրամով, լիտրով, թե մեկ այլ կերպ։ Բայց դա նշանակում է, որ մեր մասնագիտական կամ հանրային ընկալումներ կրողները դպրոցում ֆիզիկա լավ չեն սովորել և չգիտեն Բոյլ-Մարիոտի օրենքը։
Միակ բանը, որով պետք է չափվի, էներգետիկ ցուցանիշներն են՝ կամ կալորիա, կամ Ջոուլ և այլն։
Երկրորդ դիտարկումը. այդպես էլ անպատասխան մնաց, թե ինչու է գազի գինը կրկնապատկվում ներքին սպառողների համար՝ սահմանին գազի գնի համեմատ։ Որովհետև մինչև վերջերս 1000 խ/մ գազը ստանում էինք 165 դոլարի դիմաց, սակայն մենք վճարում էինք երկու անգամ ավելի թանկ։ Ահա, թե ինչու է կրկնապատկվել գինը։
Եվ երրորդ հանգամանքը, որ կուզեի նշել, այն է, որ ինֆլյացիոն տնտեսություններում սակագների բարձրացումն անխուսափելի է։ Հայաստանի խնդիրը ոչ թե բացարձակ սակագներն են, այլ այն անթույլատրելի մեծ մասնաբաժինը, որը կազմում են գազի, էլեկտրականության համար մեր վճարումները՝ մեր եկամուտների համեմատ։
Ահա այս համամասնությունն է Հայաստանում խախտված ՝ շուրջ 25-30 տարի։ Այս տարիներ ընթացքում այդպես էլ չի գտնվել բանալին, որը կլուծեր այս ֆունդամենտալ կարևորության խնդիրը»,- նշեց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։