13/01/2022 18:32
Արցախի կարգավիճակի հարցը լուծող մանդատ ունի միայն Մինսկի խումբը, և այդ մանդատը որևէ մեկը նրանից չի վերցրել. քաղտեխնոլոգ
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը, երկու լսարան ունի. հիմնականը ներքին լսարանն է, որին Ալիևը ցանկանում է հերթական անգամ հավաստիացնել, որ 2020 թվականի պատերազմն անձամբ իր և Ադրբեջանի համար անվերապահորեն հաղթական էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Ադրբեջանում այժմ լուրջ մեղադրանքներ են հնչում, որ Ալիևը պատերազմն, ըստ էության, հաղթանակի չհասցրեց և կանգ առավ կես ճանապարհին՝ Արցախի մի մասը հանձնելով ռուսներին։ Հենց սրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարն անընդհատ հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծված է։ Նա անընդհատ հիշատակում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ այն հակամարտության կարգավորման, Արցախի կարգավիճակի հարցով որևէ անելիք չունի»,- նշեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը մեսիջ է պարունակում նաև արտաքին լսարանի համար։
«Ըստ էության, Ալիևը շարունակում է սակարկել՝ փորձելով բարձր պահել նշաձողը։ Իրականում, երկու պրոցես է գնում՝ մի կողմից դեմարկացիա-դելիմիտացիա-կումունիկացիաների ապաշրջափակում, որի հետ ՄԽ-ն որևէ առնչություն չունի, և երկրորդ պրոցեսը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցը։
Այս երկու պրոցեսները փաստացի գնում են։ Իհարկե, կարգավորման խնդիրն ակտիվության առումով բավականին ցածր նշաձողի վրա է, բայց, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կողմից լսել ենք, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծող միակ մանդատն ունի միայն Մինսկի խումբը։ Այդ մանդատը որևէ մեկը ՄԽ-ից չի վերցրել, հակառակը, պատերազմից հետո էլ միշտ հայտարարվել է, որ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ և այդ լիազորությունը տրված է միայն ՄԽ-ին»,- ասաց քաղտեխնոլոգը։