13/01/2022 20:02
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ. Մարիա Զախարովա
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի սրմամբ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր խնդրահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով»,-նշել է նա:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը հանդիսանում է սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումը, որին կհետևի սահմանազատումը, ինչը ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարի Սոչիում արված համատեղ հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևորել է, որ այս հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծվի. նա վստահեցրել է՝ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն:
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր։
Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։
Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
ՊՆ-ն այնուհետև հաղորդեց, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում նույն օրը՝ կեսգիշերին, հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: