14/01/2022 13:33
ՀԱՊԿ խաղաղապահներն օգնել են հաղթահարել Ղազախստանում ահաբեկչական սպառնալիքը. Լավրով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելությունն օգնել է հաղթահարել Ղազախստանում ահաբեկչական սպառնալիքը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն այժմ ավարտում են մնացած հարցերի լուծումը։ Ղազախստանի նախագահի խնդրանքով խաղաղապահները օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը», - ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է՝ ամենաուշադիրն են եղել դիվանագիտական աջակցության հարցում։
Նշենք, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, պլանի համաձայն, դուրս կբերվեն Ղազախստանից մինչև հունվարի 19-ը ներառյալ։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ղազախստանում ստեղծված իրավիճակին և այդ երկրի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին։
«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - նշել էր Փաշինյանը:
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար էր նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։