14/01/2022 12:30
Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեգանախագծի մեկնարկի մասին (Տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականին սկսում է նոր մեգանախագիծ։ Ազդարարվում է հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկը։
«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ պետք է Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել», - ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշել է, որ հանձնարարությունը տրված է, ճարտարապետները, քանդակագործներն արդեն զբաղվում են։
Հայաստանում վեր հառնող կոթողը Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ պետք է լինի խորհրդանշանական բարձրությամբ. միայն քանդակը՝ 33 մետր։ Հեղինակի առաջարկած այլ լուծումների դեպքում ու պատվանդանդանով ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավելի լինել։
Ծառուկյանն ասել է, որ մրցույթ կհայտարարի, ամենալավ հեղինակը կպարգևատրվի։
«Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին», - ասել է Գագիկ Ծառուկյանը։