17/01/2022 10:23
«Թուրքիայի ներկայացուցչի հետ Ռուբինյանը բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց». Ընդդիմադիրներին հետաքրքիր է՝ ինչու է Ռուբինյանը մեկնել Մոսկվա ԱԺ բյուջեի հաշվին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե՞ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին:
Հակոբ Արշակյանն էլ նշեց, թե պետության կողմից բանագնաց է ներկայացված ու, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե պետության կողմից Ազգային ժողովը լիազորել է արդյոք ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին:
«Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով, ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են», - ասաց Հակոբ Արշակյանը` նշելով, թե ընդդիմադիրների մյուս բոլոր հարցերին կարող են հավելյալ պատասխանել:
Հիշեցնենք` Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: