17/01/2022 10:39
Կողմ ենք, որ առանց նախապայմանների բացվեն սահմանները Թուրքիայի հետ. դա բխում է Հայաստանի շահերից. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբարերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը:
«Այդ տրամաբանությունը չի փոխվել. ՀՀ կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից ու մենք առանց նախապայմանների կողմ ենք, որ սահմանները բացվեն ու հարաբերություններն օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի ու Թուրքիայի ներկայացուցչի միջև կայացած առաջին բանակցությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, թե ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որը բնութագրում է բանակցությունների ընթացքը:
Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, թե իր ու Թուրքիայի ներկայացուցչի միջև հանդիպումը եղել է ՌԴ արտգործանախարարության ընդունելությունների տանը:
«Հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով, նկատի ունենք կառուցողական մթնոլորտ: Հանադիպման արդյունքում Հայաստանի, Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարությունները հանդես են եկել հայտարարություններով, այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել», - ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ արձագանքեց Ռուբինյանը: