17/01/2022 21:00
Եթե Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ ՀՀ տնտեսությունը շատ լավ վիճակում է, գուցե նրա բիզնեսներն այս ընթացքում ծաղկել-զարգացե՞լ են. տնտեսագետ
Եթե ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը շատ լավ վիճակում է, գուցե նրա բիզնեսներն այս ընթացքում ծաղկել-զարգացե՞լ են, մենաշնորհ նոր ոլորտնե՞ր են մտել. կարող է՝ իր մոտ տնտեսության երկնիշ զարգացում կա, բայց ՀՀ տնտեսությունը հաստատ զարգացում չի ապրել։ Մենք նույնիսկ չենք կարողացել կորուստները վերականգնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Կառավարությունը նախանշել էր, որ 2021 թվականը պետք է փակի 6.5 տոկոս տնտեսական աճով, սակայն ակնհայտ է, որ 6.5 տոկոս տնտեսական աճի չենք մոտենա։ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներն ամփոփված չեն, բայց միտումները դա են փաստում։
Երկրորդ՝ 2020 թվականին մենք ունեցել ենք 7.4 տոկոս տնտեսական անկում։ Համաշխարհային միջինը 3.4 տոկոս էր, այսինքն՝ մեր անկման տեմպը մոտ 2.5 անգամ ավելի արագ էր։ 2021 թվականի՝ հնարավոր 6 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում նույնիսկ մենք չենք կարողանալու վերականգնել 2020 թվականի կորուստը։ Այսինքն՝ մենք անգամ 2019 թվականի ցուցանիշներին դեռ չենք հասել։ Սա զուտ պաշտոնական վիճակագրություն է։
Ուրեմն ինչպե՞ս կարող ենք 2019 թվականի ցուցանիշին չհասնելով՝ խոսենք տնտեսական աճի կամ զարգացման մասին»,- հարց ուղղեց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը շեշտեց՝ տնտեսության շատ լավ վիճակի մասին խոսելով՝ Խաչատուր Սուքիասյանն ավելի շուտ փորձում է հասարակության մոտ դրական սպասումներ ձևավորել, ինչպես առժամանակ առաջ իր հայտարարություններով փորձում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ ՀՀ տնտեսությունն այսօր շատ լավ վիճակում է։
«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են», - այսօր ԱԺ-ում ասել էր ՔՊ-ական պատգամավորը։