17/01/2022 18:58
Ռեսուրսների կորստի հետևանքով կորցրել ենք հսկայական տնտեսական պոտենցիալ, և Թուրքիայի հետ սահմանի բացումը որևէ կերպ չի կոմպենսացնելու այդ կորուստները. Հրանտ Միքայելյան
ՀՀ տնտեսության վիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար կարող ենք ուղղակի վիճակագրություն ուսումնասիրել և տեսնել, որ տնտեսությունը ոչ այդքան լավ վիճակում է, և մինչև 2019 թվականի մակարդակի վերականգնում տեղի չի ունեցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությանը, որ ՀՀ տնտեսությունն այսօր շատ լավ վիճակում է։
«Մարդկանց կենսամակարդակը նույնիսկ անցած տարվա վերջի նկատմամբ նվազել է, որովհետև մեծ գնաճի պայմաններում քաղաքացիների իրական եկամուտները նվազել են», - ասաց տնտեսագետը։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը բազմաթիվ ռեսուրսներ է կորցրել։
«Բայց այն մարդը, ում մասին դուք խոսում եք, երևի շատ գոհ է դրանից։ Բայց փաստն այն է, որ ռեսուրսների կորստի հետևանքով կորցրել ենք նաև հսկայական տնտեսական պոտենցիալ, և Թուրքիայի հետ սահմանի բացումը որևէ կերպ չի կոմպենսացնելու ՀՀ տնտեսության կրած կորուստները», - համոզմունք հայտնեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Սուքիասյանի գնահատմամբ՝ ՀՀ տնտեսությունն այսօր շատ լավ վիճակում է
«Բանկերն արդեն 9 միլիարդ դոլարից ավելի վարկեր են տվել, բանկը տնտեսության արյունատար անոթն է, այսօր շատ լավ վիճակում է ՀՀ տնտեսությունը, բանկերն էլ ֆինանսավորում են տարբեր ճյուղեր, բայց փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են», - այսօր ԱԺ-ում հայտարարել էր իշխանական պատգամավորը։