17/01/2022 15:49
Արցախ այցելելուց և Ալիևի սպառնալիքներից հետո Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է անգործության համար
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է անգործության մեջ՝ դեկտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Հանրապետության նախագահի ընտրության թեկնածուն եմ։ Եվ ես, ինչպես ինձանից առաջ շատ ֆրանսիացիներ, գնացել եմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան... Սա մի տարածաշրջան է, որը վեճեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես գնացի այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ... Ադրբեջանի նախագահը միանգամայն ցնցող հայտարարություն արեց. «Եթե ես իմանայի, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք թույլ չէինք տա, որ նա հետ գնա», - ասել է Պեկրեսը Europe 1 ռադիոկայանի եթերում։
Նա ընդգծեց, որ իր պարտավորությունների հիմքում ընկած է Արևելքի քրիստոնյաների խնդիրը, և այս առումով Հայաստանի պաշտպանությունը շատ կարևոր է։
«Սակայն Ֆրանսիայի կառավարության մահացու լռությունը, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, սկանդալ է»,- հավելել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ Պեկրեսը հայտնել էր, որ մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների պատճառով, որոնք նա համարում է սպառնալիք։