18/01/2022 13:49
Հայաստանում գնաճը լինելու է կառավարելի ու աստիճանաբար կնվազի. ԿԲ փոխնախագահի թեկնածու
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը վստահեցնում է՝ Հայաստանում 2022 թվականի ընթացքում գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում աստիաճանաբար նվազելու է՝ վերադառնալով թիրախային միջակայք:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020-ի համեմատ եղել է սպառողական գների ինդեքսի 7,2 տոկոս ավելացում, իսկ 2021-ի դեկտեմբերը 2020-ի դեկտեմբերի համեմատ ավելի մեծ չափով է ավելացել:
«Սա էլ այն դեպքում, երբ արժույթի փոխարժեքը 2021-ի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 6,5 տոկոսով, այսինքն՝ արժույթի փոխարժեքը նվազել է, սպառողական գների ինդեքսն ավելացել է», - ասաց Թադևոսյանը:
Հովհաննես Խաչատրյանն էլ նշեց, թե 7,2 տոկոս միջին գնաճը ամբողջ տարվա համար է:
«Մենք, ունենալով մի փոքր տատանողականություն արժութային շուկայում, և դոլարի նկատմամբ, և այլ արժույթների նկատմամբ մի փոքր արժեզրկումից հետո նորից արժևորվել ենք գրեթե նույն մակարդակների վրա՝ նույնիսկ մի փոքր ավելի, քան ունեինք նախաճգնաժամային շրջանում: Այս կոմպոնենտը գնաճի մեջ չկա», - ասաց նա:
Ըստ նրա՝ փոխարժեքի փոփոխությունը, օրինակ, 1 տոկոսային կետով, ուղիղ նույն չափով ազդեցություն չի ունենում, կես տոկոսից էլ ցածր ազդեցություն է ունենում գնաճի վրա՝ մոտ 0,25 տոկոս. գնաճին ավելի շատ նպաստել է արտաքին աշխարհից պարենի և էլեկտրաէներգիայի գների աճը:
«Աշխարհի շատ ապրանքների գների մեջ դրված է գազի գինը, որը թռիչքաձև է աճել, նավթի գները, որն արտահայտվում է բենզինի և այլ գների մեջ: Հիմնականում գնաճ ներմուծել ենք այդ ճանապարհով, ոչ թե փոխարժեքի», - պարզաբանեց Խաչատրյանը:
Անդրադառնալով գնաճի ներքին պատճառներին՝ նա ասաց, թե համավարակի և պատերազմական իրավիճակի, բնակչության մահացության մակարդակի կտրուկ աճի և մի շարք այլ գործոնների պատճառով Հայաստանն ունեցել է տնտեսական պոտենցիալի կրճատում:
«Երբ տնտեսական պոտենցիալը կրճատվում է, միևնույն պահանջարկի պայմաններում գնաճն ավելի շատ է լինում, որի պատճառով էլ մենք դուրս ենք եկել խթանող դրամավարակային քաղաքականության ռեժիմից», - ասաց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն:
Թադևոս Ավետիսյանն էլ արձագանքեց՝ 2022 թվականի պետբյուջեում գնաճի թիրախը կրկին 4 տոկոսի շրջանակում է ու հետաքրքրվեց՝ արդյոք հաշվի առնվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գազի սակագնի հնարավոր բարձրացումը:
Հովհաննես Խաչատրյանն էլ նշեց, որ էլեկտրաէներգիայի գների գնահատականը տրված է. սակագնի միջինը 4,7 տոկոս աճը ընդհանուր գնաճի մեջ շատ փոքր կշիռ է կազմում:
«Գազի գների հետ կապված դեռ որևէ վարժություն չենք արել, ինֆորմացիա չունենք: 2022-ի վերջին մենք լինելու ենք 4% +-1,5 միջակայքում», - ասաց Խաչատրյանը:
«Գնաճն, այո, լինելու է կառավարելի, նվազելու է աստիաճանաբար տարվա ընթացքում և մտնելու է միջակայքի մեջ», - եզրափակեց խոսքը ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն: