18/01/2022 12:43
Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով` իշխանությունը մարդկանց համոզում է, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա, գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով. Աբրահամյան
Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե նայեք վերջին մեկ տարվա իրադարձությունները, տեսնեք այն կարևոր քաղաքական օրակարգերը, որտեղ Հայաստանը որևէ ձևով ներկայացված է լինում, կտեսնեք, որ այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են», - ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, թե այս պարագայում իշխանությունների համար կա իրավիճակից «պլստալու» հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն, պատգամավորի խոսքով, դրանք ցավալիորեն առաջին պլանում են և երկրորդում են այն կարևոր օրակարգային հարցերը, որոնք նվազագույնը վերջին երեք տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ։
«Իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա` գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով։ Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։