18/01/2022 16:39
Ակնհայտ է, որ բնակչության եկամուտներն էապես ավելի քիչ են աճել կամ չեն աճել, իսկ գները՝ հակառակը. սպասում ենք աղքատության ավելի մեծ աճի. Թադևոս Ավետիսյան
Բնականաբար, որոշ տնտեսվարողների մոտ գործերը լավացած կլինեն՝ մանավանդ եթե վերջիններս որոշակիորեն սերտ առնչություն ունեն իշխանությունների հետ։ Առանձին տնտեսվարող սուբյեկտների վիճակի լավացման կամ վատացման մասին դատողություններ դժվար է անել, բայց միջին մակրոցուցանիշները, ցավոք, այնպիսին են, որ թույլ են տալիս գնահատելու՝ Հայաստանի տնտեսության հյուծումն ու անկումը շարունակվում են, և դրա սոցիալական հետևանքներն անդառնալի բնույթ ունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական գործիչների հայտարարություններին, թե ՀՀ տնտեսությունն այսօր շատ լավ վիճակում է։
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար ընդամենն ունենք 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն, և սա այն վիճակում, երբ նույն ժամանակահատվածում ՀՀ պետական պարտքն աճել է մոտ 15 տոկոսով։ 15 տոկոսը երկնիշ է, բայց, ցավոք, վերաբերում է ոչ թե տնտեսական աճին, այլ՝ պետական պարտքի աճին։
7.2 տոկոսով միջին գնաճ կա, և սննդամթերքի գնաճը մոտավորապես 17-18 տոկոս է։ Սա մարդկանց սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշ է։ Միլիարդավոր դոլարների ներդրումներ, ցավոք, չկան։ Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է։ Իհարկե, սա նախորդ տարվա համեմատ դրական է, երբ կապիտալը փախչում էր երկրից։ Բայց միլիարդավոր դոլարների ցուցանիշ կա՝ 1.2 միլիարդ դոլարի, մի փոքր էլ ավելի աճել է պետական պարտքը», - նշեց տնտեսագետ պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանը նաև հիշեցրեց՝ 2020 թվականին աճել է նաև աղքատության ցուցանիշը՝ 26.3 տոկոսից հասնելով 27 տոկոսի։
«2021 թվականի աղքատության ցուցանիշները դեռ չկան, բայց մի բան ակնհայտ է, որ բնակչության եկամուտներն էապես ավելի քիչ են աճել կամ չեն աճել, իսկ գներն աճել են։ Սա աղքատությունը մեծացնող ուղղակի գործոն է, այսինքն՝ միջին աշխատավարձը նույնիսկ ավելի ցածր է աճել, քան միջին գնաճը՝ էլ չեմ ասում, որ 2021 թվականին նպաստներ, թոշակներ և նվազագույն աշխատավարձ չեն աճել։ Այսինքն՝ սպասում ենք աղքատության ավելի մեծ աճի, քան 2020 թվականի 27 տոկոսը», - ասաց մեր զրուցակիցը։
Այսօր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը վստահեցրել է, որ Հայաստանում գնաճը լինելու է կառավարելի ու աստիճանաբար կնվազի: