18/01/2022 19:50
Բնակարանային հարցերի կոմիտեն մեծ թափով զբաղվելու է բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցով. Արցախի պետնախարար
«Պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում բավականին աշխատանք է կատարվել»,- «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած ասուլիսին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը հայտնել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամը ստացել է 46 956 հայտ, 8 352-ն արդեն բավարարվել է` ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում:
«Հաջորդ` պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն 9300 հայտ է ստացվել, որից հունվարի 1-ի դրությամբ 1349-ը բավարավել է` ընդհանուր ավելի քան 6 մլրդ դրամի չափով»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի պետնախարարն ասել է նաև, որ զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է:
«Պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն մեծ թափով զբաղվելու է նաև մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով, և ամբողջ դաշտը պլանավորում ենք այս տարի կանոնակարգել, որպեսզի առավելագույնս արդյունավետ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար», - նշել է Բեգլարյանը: