18/01/2022 20:40
Գազը Միջերկրական ծովից Եվրոպա կարող է հասնել միայն Թուրքիայի տարածքով․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ գազը Արևելյան Միջերկրական ծովից դեպի Եվրոպա կարող է հասնել միայն Թուրքիայի տարածքով։
Այս մասին Էրդողանը խոսել է Ալբանիայից վերադառնալիս, ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ անդրադարձել է EastMed գազատարի շինարարության նպատակահարմարությանը։
«Այդ նախագիծն անիրականանալի է։ Այն ուումնասիրել են ու պարզել, որ այնտեղ դրական ազդակներ չկան։ Գազի մատակարարումը Եվրոպա չի կարող իրականանալ առանց Թուրքիայի։ Եթե այդ տարածաշրջանից գազը պիտի հասնի Եվրոպա, ապա դա պետք է լինի միայն Թուրքիայի տարածքով»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարարը բանակցել է Իսրայելի հետ՝ Արևելյան Միջերկրական ծովից դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով անցնող նմանատիպ խողովակաշար կառուցելու հարցի շուրջ։
«Այն ժամանակ ամեն ինչ ճիշտ հունով էր ընթանում։ Հույս կա՞ արդյոք հիմա։ Պայմանները քննարկվում են, որովհետև կարևոր է հաշվի առնել շահերը։ Մենք շփվում ենք Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի վարչապետն այս մասին խոսում է տարբեր մակարդակներով»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ EastMed գազատարի շինարարության համաձայնագիրը կնքվել է 2020 թվականի հունվարի 2-ին՝ Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև։ Համաձայնագրով նախատեսվում է իսրայելական ու կիպրական հանքավայրերից գազը հասցնել Հունաստան, իսկ հետագայում նաև Իտալիա։