18/01/2022 09:35
«Հրապարակ». Բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս. Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի
<Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։ «Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս», - ասում է նա։
Այս ընտանիքում, թերևս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը. շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել»։