18/01/2022 09:58
«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը որոշել է ավելի խիստ ընդդիմություն դառնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այս նստաշրջանը, ըստ ամենայնի, առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մասնավոր զրույցներում վստահեցնում է, որ կոշտացնելու են մարտավարությունը: Տարեսկզբին խմբակցությունը քննարկել է առաջիկա անելիքները և որոշել է ավելի խիստ ընդդիմություն դառնալ:
Իբրև հավաստում՝ վկայակոչում են որոշ պատգամավորների կոշտ քննադատությունը Ղազախստան՝ հայկական զորախումբ ուղարկելու որոշմանը, չնայած որոշումը, ըստ էության, հրահանգվել էր ՌԴ նախագահի կողմից, և Պուտինի ընկեր Քոչարյանը կարող էր անգամ ողջունել այն: Սակայն որոշել են անզիջում լինել և վճռական: Զուգահեռ աշխատանքներ են տարվում մարզային կառույցների հետ՝ ժողովրդին կազմակերպելու և փողոց հանելու համար։ Այլ քայլեր էլ են ծրագրում: Օրինակ, որոշել են զորամասեր, սահմանամերձ գյուղեր այցելել»։