18/01/2022 20:50
Իլհամ Ալիևը, դժբախտաբար, չի սխալվում՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է. քաղաքագետ
Իլհամ Ալիևը, դժբախտաբար, չի սխալվում՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, քանի որ նոյեմբերի 9-ի ստորագրությունը ադրբեջանական կողմի համար ապահովել է այն աստիճան նպաստավոր դիրքեր, որ Արցախից մնացած հատվածի և Սյունիքի պաշտպանությունը ծանրագույն, համարյա անլուծելի խնդիր է դարձել՝ հատկապես դաշնակից չունեցող Հայաստանի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ լուծել է խնդիրը, քաղաքագեը նկատեց՝ կառույցի և Ադրբեջանի միջև առճակատում որոշակի չափով միշտ էլ առկա է եղել՝ անգամ պատերազմից առաջ։
«Որովհետև այդ ժամանակ կառույցը, կարծես թե, առանձնապես դժգոհ չէր նախորդ ստատուս-քվոյի երկարաձգումից։ Որպեսզի Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև շահերի լուրջ բախում առաջանա, պետք է այլընտրանքներ լինեն։ Այսինքն՝ միայն ոտքի կանգնող Հայաստանը կարող է հեռանկար ստեղծել և նպատակահարմարություն ընծայել Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ Արցախյան հարցում իրենց շահերն առավել անմիջականորեն սպասարկելու՝ ի վնաս դիմադրող Ադրբեջանի»,- ասաց Քանանյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ Ալիևի՝ Մինսկի խմբի հասցեին հնչեցրած վերոնշյալ հայտարարությունը կառույցի և այդ երկրի միջև առճակատում կարող է ծնել միայն այն դեպքում, եթե հայկական կողմը հավակնի ինքնիշխան դերակատար դառնալ։
«Քանի դեռ նման բան չկա, մեզ դիտարկելու են որպես սակարկման առարկա, և բազմակողմ բանակցություններում Հայաստանն ընդհանրապես ներկա չի լինելու»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Հիշեցնենք, որ Ալիևի՝ ՄԽ-ի հասցեին հնչեցրած հայտարարության ֆոնին ԵԱՀԿ գործող նախագահությունը վերահաստատել էր իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: