18/01/2022 21:25
Ֆրանսիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ալիևի սպառնալիքներն՝ ուղղված Վալերի Պեկրեսին
Ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտտին Սենատում դժգոհություն է հայտնել, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որևէ կերպ չի արձագանքել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին՝ պայմանավորված Պեկրեսի՝ Արցախ կատարած այցով, ինչի նպատակը այնտեղի բնակիչներին աջակցություն հայտնելն էր։
Չիոտտին հարց է ուղղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ Ալիևին անվանելով դիկտատոր և հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Մակրոնի լռությունը։
Ի պատասխան՝ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերը՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, իրենց ձևով ու բնույթով անընդունելի են, ինչի մասին ինքն արդեն իր գնահատականը հայտնել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր երկրի անունից աջակցություն է հայտնել Հայաստանին։