18/01/2022 10:01
«Ժողովուրդ». Շունչները պահած սպասում են. գյուղապետարանները տևական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքների փաստացի խոշորացման ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը, մինչդեռ իրավական գործընթացն անշրջելի է։ Երկու համայնքներն էլ խոշորացվել են ինքաբերաբար՝ մաս դառնալով Սևան խոշորացված համայնքին, սակայն ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը, կարծես թե, լուռ է։
Օրինակ՝ ծովագյուղցիները մասնավոր զրույցներում հպարտորեն հայտարարում են, որ իրենց գյուղի մասով «հատուկ որոշում է լինելու»: Համենայնդեպս, այս ընթացքում որևէ պաշտոնական հայտարարություն չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում այս գյուղերին։ Նախ զրուցեցինք Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի հետ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ. «Ոնց կորոշեն... Սպասում ենք, չգիտենք։ Հուսով ենք, որ լավ կլինի։ Գյուղապետարանը չի աշխատում, սպասում ենք որոշման»։
Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարճ պատասխանեց հարցին. «Այս պահին անորոշ է, սպասում ենք, տեսնենք, թե ինչ որոշում կլինի»։
Բոլորը, շունչները պահած, սպասում են, գյուղապետարանները տևական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են և ներառված են Սևան համայնքի մեջ։ Ասել է թե՝ հարցի լուծման այլ տարբերակ չկա, մնում է՝ հաշտվեն»։