19/01/2022 11:47
Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն. Դավիթ Բաբայան
Արցախը դեռևս գտնվում է բավական ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա ասաց, թե 2022 թվականին Արցախի արտաքին քաղաքականության ոլորտում շարունակելու են համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունը, ինքնիշխանությունը։
«Որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդումը և տարբեր երկրների հետ համագործակություն հաստատելը։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն։ Վարելու ենք նախաձեռնողական քաղաքականություն, համարձակ և թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք «շատ գործել, քիչ խոսելու» քաղաքականություն», - ասաց Դավիթ Բաբայանը։