19/01/2022 18:27
Կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան. ԵՊՀ-ն իմ հոգում շատ մեծ հետք է թողել, բայց գրպանումս հետք չի թողել. Փաշինյանը` Ղազինյանին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը»:
«Հեղինակը Մոնթեն էր, ով, բացի խոսքից, նաև գործով ապացուցեց իր այս հայկական շահի բացահայտ ու էքսկլյուզիվ արտացոլումը: Դրանից 28 տարից անց` 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հնչեց մեկ այլ միտք`«Առանց Արցախ Հայաստան չկա»: Սա ևս ընկալում եմ հայկական շահի ներկայացուցչություն, սական ի տարբերություն Մոնթեի այստեղ խոսքի ու գործի միջև որոշակի տարբերություն կա, նաև, հետագայում պարզվեց, որ խոսքի ու խոսքի տարբերություն կա, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 22-ին «Առանց Արցախ Հայաստան չկա» խոսքի հեղինակը, որը Նիկոլ Փաշինյանն է, հայտարարեց, որ «Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ` իրավունք»: Կխնդրեմ, որ պարոն Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» իր դիրքորոշումը», - հայտարարեց Ղազինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե զգացմունքները դժվարանում է վերնագրել, բայց կարձանագրի` Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա ու «շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք, ԵՊՀ ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով, 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ կաշառքներ հավաքելով, միլիոնատեր դառնան»:
«Ինչ վերաբերում է ձեր գործելակերպին` մենք մեր ասելիքն ասում ենք, մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում ու այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք, եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, կրկնեք, անգիր արեք ու մեզ չասեք` «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող». մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց` հասկանում է, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի հոգում խորը հետք է թողել ու համալսարանի անվանումը վարչապետի մոտ առաջացնում է ոչ հաճելի ասոցացիաներ:
«Դուք հիմա հրաժարվո՞ւմ եք հաստատել, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական», - վարչապետին կոնկրետ հարց ուղղեց Ղազինյանը:
«Հայաստանի վարչապետի ու կառավարության դիրքորոշումներն արտահայտված են ՀՀ կառավարության ծրագրում, ՀՀ վարչապետի ելույթներում, ՀՀ վարչապետը ձեր պասի կարիքը չունի, որ ինչ-որ բան հայտարարի կամ չհայտարարի: Իսկ ԵՊՀ-ն իմ հոգում, իհարկե, շատ մեծ հետք է թողել, բայց գրպանումս ոչ մի հետք չին թողել», - պատասխանեց ՀՀ վարչապետը: