19/01/2022 17:38
Վահան Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից այսօր երկրորդ անգամ է՝ հետաքրքրվում է, թե երբ է հրաժարական տալու:
«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, դուք հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երք եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով՝ պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք», - ասաց պատգամավորը:
Նա միացրեց ամբողջական ձայնագրությունն ու ընդգծեց՝ պարզ է դառնում` Քերոբյանը հաստատ կատակ չի անում:
Ձայնագրությունում լրագրողը հետաքրքրվում է Քերոբյանից՝ եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, հրաժարական կտա՞, Քերոբյանն էլ արձագանքում է. «Լավ հարց եք տալիս, այո, դա կլինի վկայություն այն մասին, որ ես որևէ կերպ կախված չեմ իմ պաշտոնից, ես եկել եմ ծառայելու իմ ազգին ու եթե չեմ կարողանում այնպես անել, որ մեր երկիրը կարողանա դիմագրավել մարտահրավերներին, ես չպետք է զբաղեցնեմ այն աթոռը, որը նախատեսված է ուժեղ ղեկավարի համար»:
Վահան Քերոբյանի փոխարեն հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի», - հայտարարեց Փաշինյանը: