19/01/2022 16:50
Ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ. Միրզոյանն արձագանքեց Ալիևին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով:
«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու նորմալ լուծումների փնտրտուքին», - Ազգային ժողովում հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, թե ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ:
«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանը նշեց, թե առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված չէ:
«Այս պահին կա համանախագահների նախատեսված այց տարածաշրջան. օրակարգում հիմա դա է», - ասաց Միրզոյանը: