19/01/2022 11:22
«Երևան-Ստամբուլ չվերթը նախաձեռնվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ». ԱԺ-ում շարունակում է արդիական մնալ Ստամբուլի թեման
Ազգային ժողովում շարունակում է արդիական մնալ Ստամբուլի թեման:
«Ժողովուրդ, դուք վերջն եք, սենց բան գոյություն չունի. Երևան-Ստամբուլ չվերթը նախաձեռնվել է 2003 թվականին, առաջին չվերթն էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մեջ էր», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Նա նշեց, թե չվերթը նախաձեռնվել է ստամբուլյան ինչ-որ ընկերության ու հայաստանյան «Բագրատ տուր» ընկերության կողմից:
«Չվերթը կանոնավոր կերպով գործել է մինչև 2015-2016 թվականը, այնուհետև 2016 թվականին հայաստանյան շուկա է մտել թուրքական ընկերություն. ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն, որ դեպի Ստամբուլ թռել է հայկական ընկերությունը, դեպի Երևան՝ թուրքական ընկերությունը, սա շարունակվել է մինչև 2019 թվականը, այնուհետև մնացել է միայն թուրքական ավիաընկերությունը՝ դեպի Երևան», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե կես ժամ զբաղվենք ձեզանով, տակը ինչ է մնալու. չի կարելի, վերջացրեք, անհարմար է», - հորդորեց Հակոբյանը: