19/01/2022 20:15
Սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:
Իր խոսքում Արցախի Հանրապետության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորումը, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի հետ, ընդհանուր առմամբ, կա փոխըմբռնում:
«Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ մեր պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի մոտ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն: Համոզված եմ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային դրական մթնոլորտը միմիայն օգնելու է առկա մարտահրավերներին դիմակայելու և ստեղծված ծանր իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ջանքերին»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով գործադիր-օրենսդիր համագործակցությանը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ արդյունավետության բարձրացման խնդիր է տեսնում և հանձնարարել է կառավարության անդամներին դրսևորել ավելի բարձր պատասխանատվություն ու համագործակցայնություն:
Բացի նշվածից՝ նախագահը նախարարներին հանձնարարել է նաև պետական տարբեր ծրագրեր կյանքի կոչելուց առաջ քննարկումներ իրականացնել քաղաքական ուժերի և հանրային տարբեր շրջանակների հետ:
«Հանրության հետ պարբերական շփումները, բնակչության դիմումներին ու խնդիրներին պատշաճ արձագանքը և կանոնավոր ընդունելությունները, թափանցիկ գործելաոճը պետք է լինեն ձեր աշխատանքի անբաժանելի մաս, հակառակ դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում եմ կայացնելու»,- դիմելով գործադիրի անդամներին նշել է Արայիկ Հարությունյանը:
Հանրապետության նախագահի խոսքով՝ սահմանադրական հնարավոր բարեփոխումների առաջարկը դեռևս անցած տարվա կեսից խորհրդակցությունների մակարդակով քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, սակայն հայեցակարգի ընդունման և հանրաքվեի կազմակերպման համար ճանապարհային քարտեզ ունենալու հարցերը պետք է դեռ քննարկվեն:
«Կարևորը՝ կա գիտակցում, որ սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերն ու առանձնահատկությունները և պետք է ուղենշեն այն ճանապարհը, որը մեզ չի շեղելու մեր պետականակերտման գաղափարից»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, անվտանգային միջավայրի բարելավման և ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող այլ հարցերի շուրջ։