19/01/2022 18:48
Արցախի ԱԳ նախարարի հայտարարությունը, միգուցե, զգոնացնի, քնից հանի ՀՀ իշխանություններին. քաղաքագետ
ՀՀ իշխանություններին պետք է պարտավորեցնել՝ զբաղվելու Արցախի և արցախահայության ճակատագրով, և Արցախի՝ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու մասին Դավիթ Բաբայանի հայտարարությունը, միուցե, զգոնացնի, քնից հանի ՀՀ իշխանություններին և Հայաստանը՝ որպես պետություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Կարծում եմ, որ Արցախի նախաձեռնողականությունն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, որ արցախահայության և Արցախի ճակատագիրը վտանգված է և կարող է թուրքական երկու պետությունների «երախներում» հայտնվել։
Երևի հենց այս մտավախությունից ելնելով՝ Արցախի իշխանություները փորձում են համարձակ արտաքին քաղաքականություն վարելու մասին հայտարարություններ հնչեցնել՝ միաժամանակ փորձելով այս հայտարարությամբ ՀՀ իշխանություններին դրդել էլ ավելի ակտիվ և աջակցող լինել այդ գործում»,-ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի համոզմամբ՝ առանց Հայաստանի՝ Արցախը միայնակ ոչինչ չի կարող անել։ Դա, ըստ նրա, օբյեկտիվ մի քանի պատճառ ունի, որոնցից մեկը նախևառաջ չճանաչաված հանրապետություն լինելն է և միջազգային հարաբերություններում որպես սուբյեկտ հանդես գալու անհնարինությունը։
«Առանց Հայաստանի Հանրապետության՝ Արցախը, բնականաբար, կձախողվի որևէ նախաձեռնողական քաղաքականությունում։ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որ վարելու են նախաձեռնողական, համարձակ և թիրախային արտաքին քաղաքականություն, ուղիղ կոչ է՝ ուղղված հայաստանյան իշխանություններին», - ամփոփեց մեր զրուցակիցը։