19/01/2022 12:48
ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը շատ վտանգավոր է. այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԼՂԻՄ-իմ նույնականացումը շատ վտանգավոր է, այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության կարևոր էջերից մեկն է, ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է նույնիսկ ինքնավարության պետականություն, արդեն ցույց է տալիս, որ նա ունեցել է հարուստ պետականության պատմություն։ Այդ պետականությունն էվոլուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նախարարը հայտարարեց, թե այս պահին Արցախը չունի սահմաններ։
«Մենք ունենք շփման գիծ, սա է մեր վիճակը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական, քաղաքական, պատմական ժառանգությունից» , - ասաց Դավիթ Բաբայանը։