19/01/2022 09:43
«Հրապարակ». Ի՞նչ գործ ունեն ԿԳԲ-շնիկներն Իրկուտսկում. կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ. հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու ևս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներևակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։
Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաև նշված երկու հոգին։ Ռուս փորձառու գեներալների հետ այդ կարևոր նիստին հայկական կողմից լինելու են նաև ԿԳԲ-ի մի ծպտյալ աշխատակից՝ կոչումով կապիտան, մասնագիտությամբ հոգեբան, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ԺՊ Արտյոմ Ղևոնդյանը և նույն նախարարության նախարարի խորհրդական, գաղութների վարչության նախկին պետ Վանուշ Սարգսյանի որդին՝ այդ նախարարությունում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը։
Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին։ Ռուսներն էլ են, բնականաբար, տեղեկացված, թե ովքեր են ժամանողները։ Կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել։ Մինչդեռ նման լուրջ հանձնաժողովում լուրջ մասնագետներ էին պետք»։