19/01/2022 10:01
«Հրապարակ». Դոն Պիպոն հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, և ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել. «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետևից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։
Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։
Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում և Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել և այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել»։