19/01/2022 21:50
«Գազպրոմը» մտադիր է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա․ երկրում արտակարգ դրություն կսահմանվի
«Գազպրոմը» Մոլդովայի իշխանություններին նախազգուշացրել է, որ սպառած գազի դիմաց պարտքը չմարելու դեպքում վառելիքի մատակարարումը այդ երկիր կդադարեցվի։ Այս մասին հայտնել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան՝ ճեպազրույցի ժամանակ։
«Երեկ «Գազպրոմը» պաշտոնական նամակ է ուղարկել «Մոլդովագազին»՝ զգուշացնելով, որ ստացված վառելիքի դիմաց հունվար ամսվա ընթացքում չվճարելու դեպքում գազի մատակարարումը մեր երկիր կդադարեցվի»,- ասել է նա։
Գավրիլիցան հայտարարել է, որ կառավարությունն այս կապակցությամբ մտադիր է էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն մտցնել։
«Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում կքննարկենք ձեռնարկվելիք միջոցառումները։ Հինգշաբթի խորհրդարանին հայց կներկայացնեմ՝ երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ իրավիճակ սահմանելու մասին։ Եթե որոշումն ընդունվի, կառավարության նիստ կհրավիրենք և արտակարգ իրավիճակից բխող որոշումներ կկայացնենք»,- ասել է երկրի վարչապետը։
Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն իր հերթին հայտարարել է, որ «Գազպրոմին» խնդրում են դիտարկել պարտքը փուլերով մարելու տարբերակը։
Մինչև հունվարի 20-ը «Մոլդովագազը» «Գազպրոմին» 38 միլիոն դոլարի կանխավճար կտրամադրի։ Հունվարի համար հարկավոր է ևս 25 միլիոն դոլար վճարել։ «Մոլդովագազը» խնդրել է հետաձգել վճարումը, բայց չի կարողացել ընդհանուր լեզու գտնել «Գազպրոմի» հետ, որը չի ցանկացել օգնել իր դուստր ընկերությանը»,- ասել է Սպինուն։ Նրա խոսքով՝ «Մոլդովագազն» ակնկալում է վարկ ստանալ՝ պարտքը մարելու համար։