20/01/2022 12:30
Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար
Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնեց Գրիգորյանը։
Նա ասաց, թե առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։
Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին: