20/01/2022 13:55
Մոսկվան Երևանից և Բաքվից պաշտոնական արձագանք է ակնկալում համանախագահների այցերի վերսկսման հարցով. Զախարովա
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանային այն իրողությունները, որոնք առաջացել են 2020 թ. հետո, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։
«Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում կոչ է արվել Բաքվին և Երևանին մոտ ժամանակներս ընդունել համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրավիճակն անմիջականորեն, տեղում շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են եռյակի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումների ժամանակ», - ասել է Զախարովան։
Նա նշել է, որ 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած շփումների արդյունքում համանախագահները 2021 թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են փոխանցել հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա ուղղված էր հրատապ խնդիրների, հումանիտար և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։
«Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցում», - հավելել է Զախարովան։