21/01/2022 16:40
Երևանում անցկացվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման թեմայով հերթական դասընթացը
Փետրվարի 1-ից Հայաստանի էներգետիկ համակարգն աստիճանական անցում կկատարի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։
Շուկայի ազատականացման վերաբերյալ պատկերացումների ընդլայնմանն ու էներգետիկայի տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների հիմքի վրա խարսխված որոշումների կայացման հիմնարար սկզբունքների մասին գիտելիքների խորացմանն էր նվիրված հունվարի 18-21-ը Երևանում անցկացված «Էներգետիկա. տեխնոլոգիա և նորարարություն» մասնագիտական վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի ծրագիրը մշակվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջի Էներգետիկայի, շրջակա միջավայրի և պաշարների Բարթլեթթ դպրոցի կողմից։ Դասընթացը կազմակերպել էր Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը (ՄԿՎԻ)։
Դասախոսությունները կարդում էին Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարթլեթթ դպրոցի մասնագետների կողմից հատուկ ծրագրով վերապատրաստված դասախոսներն ու ոլորտի մասնագետները։
Դասընթացին մասնակցեեցին էլեկտրաէներգետիկական համակարգի ձեռնարկությունների 30 մասնագետներ, որոնցից չորսը՝ «Ռիմա Խաչատրյան» անհատական կրթաթոշակի շահառուներ։
Հիշեցնենք, որ «Ռիմա Խաչատրյան» անվանական կրթաթոշակը սահմանվել է ՄՎԿԻ-ի կողմից 2020թ.։ Այն հնարավորություն է տալիս մասնագետ կադրերին մասնակցել ժամանակակից կրթական չափանիշներին համապատասխանող վերապատրաստման դասընթացների և շարունակական կրթության ու ինքնազարգացման միջոցով հարմարվել աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին։