21/01/2022 19:10
Գրագողությու՞ն, թե՞ պատահականություն․ փորձագետը հրապարակել է 2016 թվականին՝ Արման Թաթոյանի և 2022 թվականին՝ Քրիստինե Գրիգորյանի ելույթների համանման հատվածները
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ուշագրավ նմանություն է նկատել 2022 թվականի հունվարի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի և 2016 թվականի փետրվարի 22-ին այն ժամանակ դեռ ՄԻՊ թեկնածու, այժմ՝ գործող պաշտպան Արման Թաթոյանի ելույթների միջև, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերակատարմանն ու առաքելությանը։
Քրիստինե Գրիգորյանը 2022 թվականին խորհրդարանում ունեցած իր ելույթում գրեթե բառացի կրկնել է ձևակերպումներ ու մտքեր, որոնք 2016 թվականին ԱԺ-ում հնչեցրել է Արման Թաթոյանը։
Անժելա Էլիբեգովան հրապարակել է ելույթների համանման հատվածները և հումորային գրառում արել, որում նշված է․ «Աստված իմ, Թաթոյանն ունի ժամանակի մեքենա և 2016-ին «գողացել է» ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։
Քրիստինե Գրիգորյանի և Արման Թաթոյանի ելույթների նշված հատվածները ՝ ստորև․
Գրիգորյան․ «Որևէ դեպքում այն (ՄԻՊ-ի ինստիտուտը-խմբ․) չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին: Փոխարենը անվիճելի է այն մոտեցումը, որ եթե պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է՝ արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա, եթե խախտումը չի վերացվել, և հետևողական լինել, որ խախտումը վերացվի, իսկ հաջորդները կանխարգելվեն»:
Թաթոյան․ «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետղևողական, պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»: